Հետխորհրդային տարածքում կրկին սկսել է միս ու արյուն առնել ԱՊՀ երկրների միացյալ ֆուտբոլային առաջնություն անցկացնելու գաղափարը: Ընդ որում, գաղափարը շարժման մեջ են դրել երկրներ, որոնք անհամեմատ զարգացած ֆուտբոլային տնտեսություն ու դրա զարգացմանը նպաստող հարակից ռեսուրսներ ունեն: Սակայն այստեղ միայն ցանկություններով չես կարող առաջնորդվել, որովհետև կազմակերպչական, ֆինանսական բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որոնք ահռելի ջանքերի գործադրում են պահանջում, այդ թվում նաև` քաղաքական կամք, որը պակաս կարևորության խնդիր չէ: Իսկ մինչ այդ փաստը մնում է փաստ, որ ազգային առաջնությունների անցկացումը հատկապես թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրների պարագայում, ֆուտբոլին զարգացման առանձնակի հնարավորություն չտվեց: Չենք թերարժևորում, սակայն, զորօրինակ, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն առաջնությո՞ւն է: Ի՞նչ է նշանակում երկրի բարձրագույն առաջնություն անցկացնելու համար մի կերպ իրար գլխի բերած ութ թիմ՝ բակային մակարդակի ֆուտբոլով, դատարկ մարզադաշտերով, տարիներ շարունակ տարին մեկ Եվրոպա գնացող հանրապետության չեմպիոն ու գավաթակիր, մրցանակային եռյակ կազմած ու առաջին իսկ մրցակցի հետ հանդիպումից հետո պախարակվող թիմերով:
Եթե մեկը կարող է լրջորեն առարկել սույնին՝ առանց պատվեր կատարողի ինքնահավան կեցվածքով կամ ինչ-որ մեկին դուր գալու ստորաքարշ պահվածքով, սիրով կլսենք նրա հակընդդեմ բոլոր փաստարկները, այդ թվում և` «կայանալու համար ժամանակ է պետք» հուզահոգեբանական կռվանին ականջալուր լինելով, սակայն այս ամենից, կներեք, գավառայնության հոտ չեք առնո՞ւմ:
ՈՒժեղ են դառնում ուժեղի հետ չափվելուց, պարտությունը պայմանավորած գործոնները հասկանալուց ու իմաստավորելուց, դրա դեմ հակաթույն գտնելու հնարքները գտնելու ու դրանք բանեցնելու ելքերը որոնելուց:
Մտածել է պետք: Թե չէ հանրապետությունում «Ընկոյի թիմն է գազանը ու Ճնկոյի թիմն է տուզիկը» մտայնությամբ կշարունակենք ֆուտբոլն էլ երկրի նման պահել թայֆաբազների ձեռքին, իսկ արդյունքը կլինի ոտքերով քվեարկելը, որի արդյունքում մարզադաշտ գնացող այդ կիսատ հարյուրն էլ չենք ունենա:
Սկզբի համար առայժմ այսքանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ